ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, բայց դեռևս որոշում չի կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ամերիկյան Politico պարբերականը։ «Պուտինը վտանգավոր կերպով մոտ է այրելու այն ոսկե կամուրջը, որը Թրամփը կառուցել է նրա համար»,- ասել է ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան։
Politico-ն հիշեցրել է վերջին օրերին Պուտինի մասին Թրամփի կոշտ հայտարարությունները՝ «լիովին խելագար» և «կրակի հետ խաղացող»։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը դեռևս որոշում չի կայացրել Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ ի պատասխան Ուկրաինայի վրա ռուսական հարվածների ուժեղացման, նշել են ԱՄՆ պաշտոնյաները, որոնց հետ պարբերականը զրուցել Է:
Politico-ի զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմում և դրանից դուրս կան մարդիկ, որոնք Թրամփի հետ խոսել են այն վնասի մասին, որ պատժամիջոցները հասցնում են ամերիկյան բիզնեսին, ինչպես նաև այն մասին, որ դրանք կարող են Ռուսաստանին հեռացնել բանակցություններից։ Այնուամենայնիվ, Կոնգրեսի որոշ հանրապետականներ, այդ թվում՝ Սենատի հանրապետական առաջնորդները, կողմ են պատժամիջոցների խստացմանը, պարզաբանում է պարբերականը։