2025-ի մարտին մենք ընդունեցինք օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է: Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ո՞ր կետին եք հասել, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր առաջին մտադրությունն էր, և մինչև օրս էլ մտադրությունը դա է՝ ստեղծել այլընտրանք Հայաստանի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար, քանի որ ավանդաբար մեր հասարակության և հարևանների ընկալումը, պատկերացումն այն էր, թե միգուցե Հայաստանը որևէ այլընտրանք չունի: Դա շատ բարդ և ոչ այնքան հարմարավետ վիճակ է, երբ ընդհանուր ընկալումն այն է, որ որևէ մեկի համար այլընտրանք չկա: Պատկերացնենք նման իրավիճակ, որում չկա այլընտրանք. այնքան էլ լավ բան չէ:
Վերջերս մենք լավ լուրեր ենք տեսնում ԵՄ-ում, քանի որ մինչ այդ վարանողականություն կար այն հարցում, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է ընդլայնվել: Բայց հիմա տեսնում ենք վկայություններ, նշաններ, որ միգուցե ԵՄ-ում կա ընդլայնվելու ուժեղ քաղաքական կամք, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի և ԵՄ-ի ակնկալիքները կարող են համընկնել:
Գիտեք՝ մեր եվրոպական քաղաքականությունը կարևոր է ևս մեկ պատճառով, քանի որ մենք ցանկանում ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունը և խորացնել մեր ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև այնպես անել, որ մեր ժողովրդավարությունը հարատև և ինստիտուցիոնալ դառնա:
Միգուցե դուք լսել եք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխություն, և շատ կարևոր է նշել, որ մեր ժողովրդի համար ժողովրդավարությունը հանգամանքների խնդիր չէ, դա ռազմավարական ընտրություն է: Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ: Ինչո՞ւ: Դա ունի երկու պատճառ:
Նախևառաջ, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում Եվրոպական միությունն առնվազն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի իրականացման հիմնական գործընկերներից էր:
Երկրորդ՝ գիտե՞ք, երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել, որովհետև այնտեղ շատ քննարկելու հարցեր կան, իմանալու բաներ կան, որոշելու հարցեր կան և փոխանակելու բաներ կան: