«Եկեք լուռ գործ անենք». Նազելի Բաղդասարյանը կոչ է անում չշահարկել գերիների վերադարձի հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների գործընկերներն ընդմիջումից հետո ԱԺ դահլիճում չեն: «Գիտեք ինչու. առաջին հատվածում պետք էր շոու անել, բոցաշունչ ելույթներ ունենալ և գնալ: Առաջին արարը ստացվեց: Բայց ես կարծում եմ՝ թեմաներ կան, որ չարժե շահարկել և շահարկել այս մակարդակում»,- նշեց նա՝ անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ելույթներին:

«Հասկանում եմ՝ գերիների վերաբերյալ զգայուն հարցը հիմա անվերջ շահարկվում է, բայց արդյոք այդ խոսելով գործընթացին օգո՞ւտ է տրվում»,- ասեց Բաղդասարյանը՝ հավելելով,- «Ես և «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերներն այս գիշեր ենք վերադարձել Արցախից: Ինչպեսև նախորդ անգամները, ամբողջ մեկ ամսվա ընթացքում գնացել էինք մարդկանց լսելու և աջակցելու: Չէինք գնացել որոշ պաշտոնյաների սենյակներում նկարվելու և համացանցում այդ նկարները տեղադրելու: Մենք գնացել էինք լսելու մարդկանց, որոնք այսօր ցավ ունեն. ոչ միայն գերեվարվածների, այլև անհետ կորածների ծնողները: Ցավոք, կարգավիճակի բերումով անհետ կորածների հարազատներից մեկն եմ, բայց վստահ եմ, որ դահլիճում նստած բոլորս հասկանում, գիտակցում ենք, թե ինչքան նուրբ է հարցը: Արդյոք մեր շատ, հրապարակային խոսելն օգնո՞ւմ է գործընթացին. բնավ ոչ: Ճիշտ հակառակը»:

Նա նշեց, որ իր գործընկեր քաղաքական գործիչներին խնդրում է ծնողների անունից՝ իրենց բառամթերքում լինել շատ զգույշ: Ասաց՝ քաղաքական խոսքն այս փուլում կարող է վնասել և արդեն հարվածի տակ է դրել շատերին: Շեշտեց՝ եկեք լուռ գործ անենք, հետևողական լինենք խնդիրներին:

Related posts

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը