ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը կունենա 11 անդամ, 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։
Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում լինելու են բարեվարքության խախտումները, դրանց բացահայտման և պատժելիության դեպքերի քննությունը, Հայ Առաքելական եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության ու հարկային պարտավորություններին առնչվող հարցերը, եկեղեցու ինքնակառավարման համատեքստում Ազգային-Եկեղեցական ժողովների և Եպիսկոպոսաց ու Եկեղեցական ներկայացուցչական ժողովների պատշաճ գումարման հարցը, եկեղեցուն պատկանող կամ վերջինիս կողմից տիրապետվող գույքի իրավական կարգավիճակի հետ կապված հարցերը, դրա օգտագործման իրավական հիմքերը, ինչպես նաև գույքի օգտագործման ընթացքում հնարավոր խախտումները, եկեղեցու ինքնակառավարման համատեքստում վերջինիս խորհրդակցական կառավարման հիմնախնդիրները, եկեղեցու և պետական իշխանության տարանջատման և բարձրաստիճան հոգևորականների՝ քաղաքականությամբ զբաղվելուն վերաբերող դեպքերը և ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նախաշավիղ» կանոնադրության խախտումները:
Նշենք, որ հարցի քննարկմանն ու քվեարկությանը չեն մասնակցել «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները։