Հռոմի Պապը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Վատիկանի մամուլի ծառայության տվյալով՝ Լևոն 14-րդը կոչ է արել հրադադար հաստատել Խերսոնի մարզի գրավված Օլեշկի քաղաքում՝ ապահովելու այնտեղ հումանիտար օգնության առաքումը և քաղաքացիական բնակչության կամավոր և անվտանգ տարհանումը: Հռոմի Պապը վերահաստատել է երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու՝ Սուրբ Աթոռի հանձնառությունը։
Հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլը: Դրա համաձայն՝ Պուտինն ընդգծել է Մոսկվայի և Վատիկանի միջև գործակցության կարևորությունը՝ առաջ մղելու հոգևոր և բարոյական ընդհանուր արժեքները, աշխարհի տարբեր անկյուններում պաշտպանելու քրիստոնյաներին և քրիստոնեական սրբավայրերը։
«Պուտինը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու պատրաստակամության և հումանիտար ոլորտում գործադրած ջանքերի համար»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Օլեշկի քաղաքում հումանիտար բարդ իրավիճակի համար պատասխանատու է Ուկրաինան:
