Հայաստանի և Ղրղզստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա․ Փաշինյան

17.10.2026 - 12:47 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի և կայացած բանակցությունների արդյունքները։

Վարչապետի ընդգծմամբ՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որն արտացոլում է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականն ու առաջնահերթությունները։

«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանիորեն քննարկվեցին քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության ու անվտանգության ամրապնդման հարցերին։ Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև պետական սահմանների վերաբերյալ ստորագրված պայմանագրերը։

Վարչապետի համոզմամբ՝ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։

Ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանն իր շնորհակալությունն է հայտնել Սադիր Ժապարովին՝ պաշտոնական այցի և կառուցողական բանակցությունների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ