ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Տելեգրամի միջոցով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն Տելեգրամում գրանցված օգտահաշիվը կառավարող Ա.Ք.-ի հետ նախնական համաձայնությամբ տելեգրամյան մեկ այլ օգտատիրոջ կողմից մատնանշված վայրից վերցրել են 5 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից անմիջապես հետո ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին` իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով հանցագործության կատարումը:
Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն իրացնելու նպատակով տելեգրամյան օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իր հետ խմբի կազմում գործող մեկ այլ օգտատիրոջ հետ, իր կողմից ղեկավարվող օգտահաշվով, իրացրել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց։
Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում։
