Հութիների ջոկատները պնդում են, որ վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին: BBC-ն գրում է, որ համաշխարհային առևտրին սպառնում է ևս մեկ լուրջ խոչընդոտ, և այն ուժով վերացնելու փորձերը կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության նոր աճի:
Լրատվականը ենթադրում է, որ Եմենի հութիները կարծես թե հրաժարվել են Սաուդյան Արաբիայի հետ 2022 թվականին կքված հրադադարից: Այս շաբաթ հրթիռակոծվել է երկու սաուդյան նավ: Հութիների պնդմամբ՝ ևս 10 նավ հրապարակված վերջնագրից հետո շրջվել է ու հեռացել Սաուդյան նավահանգիստներից:
Այսպիսով, վտանգվել է նավագնացությունը Բաբ էլ Մանդեբի նեղուցում, որը Կարմիր ծովի հարավային ծայրամասը կապում է Հնդկական օվկիանոսի հետ։ Այն ավելի է կարևորվել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման պատճառով, որն անհրաժեշտ է Պարսից ծոցի երկրներից նավթի և քիմիական արտադրանքի արտահանման համար։
Ըստ ամենայնի, դա արվում է իրանցի զորահրամանատարների անմիջական ղեկավարությամբ: Reuters գործակալությունը, հղում անելով Իրանում և Եմենում իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 10 կամ նույնիսկ 20 հոգուց բաղկացած պատվիրակությունը ռազմական սարքավորումների բեռով հուլիսի 13-ին Իրանից մեկնել է Եմենի հութիների կողմից վերահսկվող հատված:
Թեհրանը հերքել է հութիներին հրթիռներ մատակարարելու փաստը։ Հութիներն էլ հերքում են Իրանի հետ ռազմական կապերը՝ պնդելով, իրենք են զբաղվում իրենց սպառազինությամբ։
