Իրանի, ՌԴ-ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի, բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIPP-ը գլոբալ նախագիծ է, և գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ուզում ենք րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում: Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի, հույս ունեմ, այս տարվա մեջ՝ աշնանը, գետնի վրա առաջին աշխատանքներն իրականացվեն:
TRIPP նախագծի գործընթացն իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու, և Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդլայնվելու են, ԻԻՀ-ի առևտրատնտեսական հնարավորություններն էականորեն ընյդլայնվելու են: Այսինքն՝ այս դետալները հաշվի առնելով՝ TRIPP նախագծի իրականացումն անկեղծորեն և ուղղակիորեն բխում է նաև ԻԻՀ-ի շահերից»,- ասաց նա:
