Հունաստանում վառվել է 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական խաղերի կրակը

Աստղիկ Խաչատրյան 26.11.2025 - 21:23
26.11.2025 - 21:23 դիտում

Հունաստանի Հին Օլիմպիա քաղաքում տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակի վառման արարողությունը: Խաղերն անցկացվելու են Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։

Վատ եղանակի պատճառով հանդիսավորարարողությունը անտիկ մարզադաշտից տեղափոխվել է Հնագիտական թանգարան, իսկ ջահը վառելու համար օգտագործել են պահուստային կրակը, որը բռնկվել է արևի ճառագայթներից՝ հին հունական Հերա աստվածուհու անտիկ տաճարի մոտ արարողության գլխավոր փորձի ժամանակ:

Գերագույն քրմուհու դերը կատարել է հույն դերասանուհի Մերի Մինան։ Նա կրակը փոխանցել է առաջին ջահակրին՝ 2024 թվականի թիավարության օլիմպիական բրոնզե մեդալակիր Պետրոս Գայդացիսին՝ բացելով օլիմպիական կրակի փոխանցումավազքը:

Այս տարի Հունաստանով կարճատև ճանապարհորդությունից հետո կրակը կուղևորվի 63-օրյա էստաֆետի Իտալիայով։ Այն կանցնի 12000 կիլոմետր՝ այցելելով երկրի բոլոր 110 նահանգները, և ուղևորությունը կավարտի փետրվարի 6-ին՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ