Վրաստանի նախագահի նստավայրը գրավելու փորձի համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել

Աննա Կոստանյան 9.10.2025 - 15:05
9.10.2025 - 15:05 դիտում

Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական նստավայրը գրավելու փորձին մասնակցելու համար ձերբակալված 36 անձանց մեծ մասին արդեն մեղադրանք է առաջադրվել: Առաջիկայում նրանք կկանգնեն դատարանի առաջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, ընդդիմադիր ակտիվիստ Նանա Սանդերին, որը ներկայում նախնական կալանքի տակ է, մեղադրանք է առաջադրվել խմբային բռնություն կազմակերպելու և Թբիլիսիում ռազմավարական օբյեկտ գրավելու փորձ կատարելու համար։ «Սոցիալական ցանցերի միջոցով Սանդերը ակտիվորեն բռնության կոչ է արել, մոբիլիզացրել է միջոցներ անկարգությունների մասնակիցների համար համապատասխան սարքավորումներ և որոշակի միջոցներ գնելու նպատակով և նրանց հրաման է տվել դիմադրել իրավապահ մարմիններին», – ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են Թբիլիսիում նախագահական նստավայրի ցանկապատերը և փորձել են ներս ներխուժել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ