Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով

Աստղիկ Խաչատրյան 18.04.2025 - 20:04
18.04.2025 - 20:04 դիտում

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։

Ռուսաստանը ողջունել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը և պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Լավրովը, միաժամանակ շեշտել, որ բանակցություններում պետք է հաշվի առնել Իրանի օրինական շահերը:

«Թեհրանը կարծում է, որ հնարավոր է համաձայնության գալ իրանական միջուկային ծրագրի շուրջ, սակայն ԱՄՆ-ի անիրատեսական պահանջները նվազեցնում են համաձայնության հավանականությունը»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։

Երկու արտգործնախարարների ուշադրության կենտրոնում է եղել նաև ռուս-իրանական նոր ռազմավարական պայմանագիրը, որի ընդունումը կողմերը բարձր են գնահատել:

«Ռուսաստանի  և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կունենա Թեհրանի և Մոսկվայի համագործակցության վրա, մայրաքաղաքները զարգացնում են իրենց հարաբերությունները՝ չնայած ճնշումների փորձերին»,- հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա ապրիլի 23-25-ը՝ Մոսկվայում, կողմերը կքննարկեն համատեղ նախագծերի իրականացումը, երկկողմ ենթակառուցվածքների, լոգիստիկայի և ներդրումային համագործակցության հարցերը, ինչպես նաև Բուշերի ատոմակայանի կառուցման հարցը՝ հայտնել է ՌԴ արտգործնախարարը

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ