ՌԴ-ն պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին. Զախարովա

Աննա Կոստանյան 25.05.2022 - 17:25
25.05.2022 - 17:25 դիտում

Ռուսաստանը պատրաստ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին։ Դա գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ Սոչիի գագաթնաժողովում ընդունված երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում»,- ասել է Զախարովան:

«Ռուսաստանը բացառիկ փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր։ Ուրախ կլինենք մեր փորձը կիսել հայ և ադրբեջանցի ընկերների հետ՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներում: Ինչպես գիտեք, ռուս փորձագետների թիմը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար արդեն ձևավորվել է»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ