Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը. Փաշինյան

Աննա Կոստանյան 25.05.2022 - 16:48
25.05.2022 - 16:48 դիտում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ աշխատանքներ են տարվում միջազգային միջնորդությամբ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու ուղղությամբ:

Վարչապետը նախ՝ նշեց, որ օրեր առաջ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը հենց դա է եղել:

«Եվրամիության և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցներն օր առաջ պետք է վերադարձվեն: Մեր դիրքորոշումն այդ է, և մենք փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որպեսզի օր առաջ խնդիրը լուծենք:

Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պահվող անձինք, պատանդները պետք է վերադարձվեն:

Ցավոք սրտի, մինչ այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո, և մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, բայց նաև պետք է ասեմ, որ ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի մեր քաղաքացիներն օր առաջ վերադառնան հայրենիք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ նաև ներքին օրակարգում գերիների թեման շահարկելուն ու դրա բացասական հետևանքներին:

«Շատ են հնչում տեսակետներ, որ պետք է գերեվարված մեր հայրենակիցների հարցը նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Մեր դիրքորոշումը եղել ու շարունակում է մնալ այն, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին հարց են: Հումանիտար հարցերն առանց քաղաքական փոխկապակցվածության իրենք իրենցով ավելի մեծ կշիռ և նշանակություն ունեն, և ընդհակառակը, երբ փոխկապակցվածության մեջ դնենք քաղաքական հարցերի հետ, մենք հարցի նշանակությունը ոչ թե կավելացնենք, այլ կնվազեցնենք»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ