28-ամյա կալանավորը ստեղծել և ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 22.02.2022 - 14:22
22.02.2022 - 14:22 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, դրան ներգրավելու և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը (ծնված 1993թ.՝ Օշական գյուղում) ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ:

Վերջինս ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն, նրանց շարքերում, այսպես կոչված, «կարգուկանոն» պահպանելու նպատակով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված տարբեր անձանց տվել է կոնկրետ հրահանգներ, մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար տվել է հանձնարարականներ, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

Պարզվել է նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող հիշյալ անձը քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորների և դատապարտյալների նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. իրեն դիմած տարբեր անձանց խնդրանքներով կարգավորել և վերաբաշխել է Քրեակատարողական հիմնարկում գտնվող և նոր տեղափոխված անձանց պահման վայրերը՝ տեղամասերը և խցերը, հետևել է կալանավորների և դատապարտյալների կողմից մոլախաղերի մեջ ներգրավվածությանը՝ արտոնյալներին զերծ պահելով դրանից:

Ավելին, այս ամենով հանդերձ, տարբեր անձինք ևս, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին, վերոհիշյալ անձի հրահանգներն ու հանձնարարությունները՝ մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Օշականի բնակիչ հանդիսացող և կալանքի տակ գտնվող անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5֊րդ կետերով, երկու քաղաքացիական անձի՝ 223.4-րդ հոդվածի 1 ին մասով, ևս մեկ կալանավորի՝ 223.3-րդ հոդվածի 1-ին մասով և 223.4-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ