24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել դանակահարության համար. գործն ուղարկվել է դատարան

Գոհար Ստեփանյան 15.12.2020 - 11:45
15.12.2020 - 11:45 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված երիտասարդի և նույն մարզի Նալբանդյան  գյուղի 60-ամյա բնակչի միջև՝ երիտասարդի ընկերուհու պարտք-գումարի պատճառով, որը շարունակվել է Արմավիր քաղաքում գտնվող «Կապույտ Կամուրջ» կոչվող վայրում, ուր ուղևորվել են գործով տուժողի ավտոմեքենայով: Ճանապարհին՝ ավտոմեքենայում, վիճաբանությունը կրկին վերսկսվել է, որի ընթացքում երիտասարդը դանակով դիտավորությամբ հարվածել է տղամարդու ականջի շրջանին և պարանոցին:

Հասնելով «Կապույտ Կամուրջ»՝ դուրս են եկել ավտոմեքենայից, որից հետո երիտասարդը շարունակել է ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով միջին ծանրության, առողջության տևական քայքայման հատկանիշով մարմնական վնասվածքներ, այնուհետև, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել է վերջինիս պատկանող «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենային, հեռացել դեպքի վայրից, ճանապարհին ինքնավթարի ենթարկվել՝ վնասելով ավտոմեքենան և պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի     (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասով և 183-րդ հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ