100 պատանիներ Հայաստանից և սփյուռքից կմասնակցեն «Տիեզերական ճամբար 2022» ծրագրին

27.07.2022 - 19:39 դիտում
100 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից և սփյուռքից հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը կմասնակցեն «Տիեզերական ճամբար 2022» ծրագրին, որն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության, «Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ճամբարի մեկնարկն արդեն տրված է։
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որտեղ տեղակայված է «Տիեզերական ճամբար 2022»-ը, հուլիսի 27-ին տեղի է ունեցել ճամբարի բացման արարողությունը։
Կազմակերպիչները ողջունել են ճամբարի մասնակիցներին, ներկայացրել ճամբարային օրերի ընթացքում նրանց սպասվող միջոցառումներով, դասախոսություններով ու անակնկալներով լի օրակարգը, խոսել այն արդյունքների մասին, որն ակնկալվում է ունենալ «Տիեզերական ճամբար 2022»-ից։
Ճամբարային 7 օրերի ընթացքում սփեսքեմփցիներին սպասում են դասախոսություններ ու գործնական պարապմունքներ «Հրավառությունից մինչև հրթիռաշինություն», «Հրթիռային մոդելիզմ», «Թռչող հարթակներ տրոպոսֆերայում և ստրատոսֆերայում․ դրոններ և օդապարիկներ», «Տիեզերագնացության ապագան», «Աերոտիեզերական շարժիչներ․ կոնցեպտներ և իրականություն» և մի շարք այլ թեմաներով։
«Տիեզերական ճամբար 2022»-ը գիտակրթական ճամբար է, որը հնարավորություն է տալիս պատանիներին ծանոթանալու հրթիռաշինության, տիեզերագնացության ու տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներին։ Ճամբարի նպատակն է տիեզերքին առնչվող բնագիտական ուղղությունների բացառիկ գիտելիքներ ունեցող պատանիներին՝ ապագա ուսանողներին, ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ