Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

13.10.2026 - 13:09 դիտում

Ղարաբաղից տեղահանվածներին առնչվող հարցերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ԼՂ-ից տեղահանված բնակիչն առաջարկեց հստակ ժամկետ սահմանել, որի շրջանակում տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացը երբեմն մինչև 8-9 ամիս ձգձգվում է։

ՆԳ փոխնախարարը պարզաբանեց, որ քաղաքացիություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված են հստակ ժամկետներ, այն է՝ վարույթի մեկնարկից հետո 90 աշխատանքային օր։

«Հնարավոր է, որ ունեցած լինենք եզակի դեպքեր, երբ ժամկետը գերազանցել ենք, բայց, կարծում եմ, խնդիրներ կան մինչև վարույթի նախապատրաստական աշխատանքի հետ կապված փուլում, այսինքն՝ այն փաստաթղթերի, այն իրավական հիմքերի, այն տվյալների հետ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի քաղաքացիության վարույթն ընդհանրապես մեկնարկի:

Կարևոր հանգամանք է ծննդյան վկայականների վերականգնման հետ կապված հարցը, որովհետև շատ օբյեկտիվ է, որ եթե չկա ծննդյան վկայական, չկա քաղաքացիության գործ»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ հաճախ անհրաժեշտություն է լինում վերականգնել այդ փաստաթղթերը, և որպեսզի դատական գործընթաց չլինի, և ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը չձգձգվի, որոշվել է նոտարական կարգով հաստատում իրականացնել։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս պարզաբանեց, որ առհասարակ մոտ 50 հազար դիմումի հետ են գործ ունեցել, իսկ ուշացումները տասնյակների շրջանակում են։

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից գործընթացն էլեկտրոնային հարթություն է տեղափոխվել, և շտկումներն իրականացվում են այդ հարթակում։ Երբ գործը վերբեռնում են համակարգ, տպավորություն է ստեղծվում, որ 90-օրյա ժամկետը մեկնարկում է, բայց գործը մեկնարկում է այն պահին, երբ շահառուն ներկայացնում է բնօրինակ փաստաթղթերը, և որոշվում է, որ ամեն ինչ կարգին է։ Մնացած գործողությունները կատարվում են նախավարույթի փուլում։

«Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, դրանք, հավաստիացնում եմ, հատուկենտ են»,- ասաց նա։

Նելլի Դավթյանը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ դիմումներ կան, որոնցով առաջարկվում է արագացնել սերտիֆիկատ ստանալու գործընթացը, և պատկան մարմիններն ընդառաջում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ