Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ լսել է օրերս Մայամիում Վաշինգտոնի թիմի հետ հանդիպած ուկրաինացի պատվիրակների զեկույցը: Ուկրաինայի նախագահը շեշտել է՝ Կիևը պատրաստ է իրական որոշումների և դեէսկալացիային ուղղված քայլերի՝ մոտեցնելու պատերազմի ավարտը։
«Աջակցել ենք էներգետիկ հրադադարի գաղափարին։ Մեր դիրքորոշումը միանշանակ է. Ուկրաինան պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահի հայտարարած էներգետիկ հրադադարին, եթե Ռուսաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի», – շեշտել է Զելենսկին, հավելել՝ ներկայումս նման միտում չի նկատվում, քանի որ Ռուսաստանը կրկին հարվածել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքին:
«Եթե այս հարվածները Ռուսաստանի պատասխանն են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ապա ռուսները բաց են թողնում խաղաղությանը մոտենալու ևս մեկ հնարավորություն», – նշել է Զելենսկին։
Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ շփումները շարունակվում են, ընդգծել Մոսկվայի նկատմամբ ճնշում գործադրելու կարևորությունը:
Զելենսկին նաև զրուցել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, շնորհակալություն հայտնել համերաշխության և աջակցության համար։ Օրակարգում են եղել Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարի խախտումները և Ուկրաինային աջակցողների կոալիցիայի առաջիկա հանդիպումը:
