Քննարկումներ են տեղի ունենում Սոթք-Խոզնավար հատվածում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ. Փաշինյան

Աննա Կոստանյան 12.06.2021 - 17:48
12.06.2021 - 17:48 դիտում

Մեր ամենամեծ մտահոգությունը կապված է Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի հետ: Այս մասին այսօր Վարդենիսում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում:

«Մենք մտածել ենք հետևյալը. քանի դեռ հնարավոր է, ռեալ շանս կա, որ մենք այդ խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, մինչև վերջին վայրկյանը ամեն ինչ անելու ենք, որ խաղաղ բանակցային ճանապարհով լուծենք այդ խնդիրը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դրա համար կան շատ լուրջ նախադրյալներ:

«Մեր բոլոր միջազգային գործընկերները, ըստ էության, պաշտպանում են այն դիրքորոշումը, որ պետք է ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ տարածքից։ Որպես կոմպրոմիսային տարբերակ՝ առաջարկել եմ, որպեսզի զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանից, այդ սահմանին տեղակայվեն, օրինակ՝ ռուս սահմանապահներ, սահմանապահները հսկողության տակ պահեն այդ սահմանը, որից հետո միջազգային հովանու ներքո՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ, տեղի ունենա սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Այսօր մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ։ Նրանց ներկայացուցիչները եկել են և տեղում՝ Սոթքից մինչև Խոզնավար հատվածում, նայել են տարածքները, էն հնարավոր կետերը, որոնք կարող են տեղակայվել, և հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ: Սա է այսօր իրավիճակը»,- հայտնեց Փաշինյանը՝ նշելով, որ հասել ենք նրան, որ իրավիճակը շարունակաբար չի լարվում:

«Մենք գնում ենք երկու ճանապարհով. առաջին՝ մեր սահմանների և տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը կասկածի տակ դրվել չի կարող, երկրորդ՝ պետք է կարողանանք Հայաստանի համար բացել խաղաղ զարգացման դարաշրջան: Եվ դրա համար մենք պետք է գործի դնենք մեր դիվանագիտական ծառայությունը, մեր միջազգային հարաբերությունները, մեր տարածաշրջանային հարաբերությունները և Հայաստանի շուրջ պետք է ստեղծենք բարենպաստ միջավայր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ