«Մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարին պարեկային ծառայողները, կանգնեցնելով քաղաքացու վարած ավտոմեքենան, պարզել են, որ վերջինս չունի վարորդական վկայական, ինչպես նաև գտնվում է ոչ սթափ վիճակում:
Դրանից հետո, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ընթացքում, տվյալ ավտոմեքենայի ուղևորը պարեկային ծառայողներից մեկին որպես կաշառք գումար է առաջարկել՝ փորձելով այն դնել պարեկի գրպանում, սակայն կաշառք առաջարկած քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության համապատասխան բաժին:
Վարորդի օգտին ապօրինի անգործության նպատակով պարեկին կաշառք առաջարկելու համար վերը նշված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
