Փաշինյանը՝ ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի մասին

Աննա Կոստանյան 12.04.2023 - 18:09
12.04.2023 - 18:09 դիտում

Ապրիլի 10-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանական ԶՈՒ զինծառայող: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց զինծառայողի հետ կապված գործընթացի մասին:

«Կարող եմ ասել հետևյալը, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով, և ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև գիտեք, որ մեր միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով՝ եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարող նրան ուղղակի վերադարձնել:

Հետևյալը կա, որ ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, ինքը հենց սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ, և այս համատեքստում կան շատ քննարկումներ, թե ինչպես է, որ զինվորներն անարգել հատել են սահմանը, եկել, անցել, հասել են ինչ-որ տեղեր: Իհարկե, այդ հանգամանքը պետք է առանձին քննվի, և պետք է հետևություններ արվեն, բայց ուզում եմ հիշեցնել, եթե չեմ սխալվում՝ մարտի կեսերին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինառայողը մոլորվել էր, և մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր: Մենք գիտեինք, որ նա շփոթվել և սահմանը հատել է, նա մոտ 24 ժամ հետո էլի վերադարձավ, ընդ որում՝ երբ որ նրա հատման, մոլորվելու վայրն ենք դիտարկում, նրա վերադարձի արդյունքում պարզվեց, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել և ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել, վերադարձել է Հայաստան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ