Փաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասին

11.09.2026 - 15:09 դիտում

Հայկ Սարգսյանի հայտարարության առիթով քրեական գործ է հարուցված: Լավ կլինի՝ մեր իրավապահ համակարգում նման կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, նա, ով մեղավոր է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցազրույցին, որի շրջանակում վերջինս ասել է, որ երբ կուսակցական է եղել, հանդես է եկել ինքնաքննադատությամբ, և որ կուսակցության աղջիկները իրեն զգուշացրել են՝ եթե շարունակի հանդես գալ ինքնաքննադատությամբ, դա կլինի Հայկ Սարգսյանի վերջին ելույթը:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ նա նաև մի շարք խնդիրներ է բարձրաձայնել, մինչդեռ կուսակցության անդամները պատրաստ չեն քննադատություն լսելու:

Փաշինյանը նախ հիշեցրեց, որ Հայկ Սարգսյանին ճանաչում է երեխա ժամանակից, բայց նաև կարծիք հայտնեց, թե Հայկ Սարգսյանի դիրքավորումը քաղաքականության մեջ ամենաանազնիվ դրսևորումներից է:

««Քաղաքացիական պայմանագրում» նրա հետ հարաբերությունները չեն լարվել դրա պատճառով, այլ լարվել են այն պատճառով, որ իր հետ կապված եղել են բացահայտումներ, և դրանք արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են հաստատված: Քրեական գործեր կան հարուցված:

Լարվել է այն բանից, որ երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է՝ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված անձինք ներգրավված են այդպիսի գործունեության մեջ:

Լարվել է այն պատճառով, որ պարզվել է՝ ապօրինի պետհամարանիշներով ՀՀ-ում շրջել է որպես արտոնյալ, օգնականը, վարորդական իրավունք չունենալով, շրջել է, և երբ ոստիկանությունը տասնյակ անգամներով դա արձանագրել է, այդ թվում՝ իմ անունի շահարկմամբ, այդ փաստերը չեն արձանագրվել: Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործեր են հարուցվում, մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ:

Կազինոների հետ կապված օրակարգն իմ օրակարգն է, ես եմ այդ օրակարգը բերել ՀՀ, և 2018-ից մինչև այսօր մենք հետևողական քայլեր ենք իրականացնում, և 2027-ի հունվարի 1-ից գործելու է օպերատոր, որը մեր բոլոր խնդիրները պետք է լուծի:

Հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ մի կողմից օրենսդրական նախագծեր են քննարկվել, մյուս կողմից զանգել են այդ ոլորտի մարդկանց, ասել են՝ եկեք բանակցենք, տեսնենք՝ ինչ ենք անում:

Լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ցուցաբերել, և ես թույլ չեմ տվել այդ հավակնությունների զարգացումը:

Կարծում եմ՝ այդ հայտարարությունների արդյունքում մարդ պետք է հայտնվի բանտում: Ո՞վ՝ ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»,- ասաց նա՝ նշելով, որ ապօրինի գործունեության մասին հայտարարություններ անողն ինքն է Սևանի ափին ապօրինի գործունեություն ծավալել՝ Փաշինյանի անունը շահարկելով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ