Թուրքիայում ԱԲ-ով կպայքարեն կանանց ուղղված խտրականությունների դեմ

Աննա Կոստանյան 29.10.2026 - 17:43
29.10.2026 - 17:43 դիտում

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նախատեսում է իր արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող տվյալների վերլուծության համակարգի միջոցով բացահայտել լրատվամիջոցներում կանանց նկատմամբ բացասական բովանդակությունը և արագ միջամտել նման դեպքերին։

Բացի այդ նախատեսվում է աջակցել ԶԼՄ-ների այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են կանանց նկատմամբ դրական վերաբերմունքի և վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև շարունակել պայքարը կանանց մասին հանրային ընկալման վրա բացասաբար ազդող բովանդակության դեմ։

Այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարության, Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության վարչության (BTK) համագործակցությամբ։

Նշվում է, որ կաջակցեն նաև այն տեսալսողական նյութերի ստեղծմանն ու տարածմանը, որոնք դրականորեն են ներկայացնում կնոջ հասարակական դերը և նպաստում հնարավորությունների հավասարությանը։

Միևնույն ժամանակ հեռուստատեսային և այլ հեռարձակվող բովանդակության մեջ կանանց նկատմամբ բռնության, շահագործման և խտրականության դրսևորումները առավել մանրամասն դասակարգելու, ինչպես նաև հեռուստադիտողներին նախազգուշացնելու նպատակով կթարմացվեն գործող խելացի նշանների համակարգի չափանիշները և կընդլայնվի դրանց կիրառման շրջանակը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ