Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները. Պուտին

Աննա Կոստանյան 22.02.2022 - 17:48
22.02.2022 - 17:48 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Առանձնազրույցից առաջ ՌԴ նախագահն անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ այդ հարցում շահագրգռված են ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև Ռուսաստանը և տարածաշրջանում մյուս հարևան պետությունները:

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ստորագրվելիք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին: Պուտինը կարծիք է հայտնել, որ այդ հռչակագիրը նոր փուլ է նախանշում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ շեշտելով, որ դեռևս լիարժեքորեն չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը ևս այդ հարցում դերակատարում է ունեցել:

Ադրբեջանի ղեկավարն էլ համոզմունք է հայտնել, որ այդ փաստաթուղթը դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման վրա, ինչպես նաև կարևոր դեր կխաղա տարածաշրջանային անվտանգության հարցում։

Հանդիպման բաց հատվածի վերջում ՌԴ նախագահը ադրբեջանցի գործընկերոջն է ներկայացրել նաև ուկրաինական ուղղությամբ ընթացող զարգացումները:

«Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ընդունեց աշխարհաքաղաքական բոլոր նոր իրողությունները և ակտիվորեն աշխատում է՝ ամրապնդելու մեր փոխգործակցությունը բոլոր երկրների, անկախ պետությունների հետ, որոնք առաջացել են հետխորհրդային տարածքում։ Նույնիսկ շատ սուր իրավիճակներում, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, մենք միշտ գործել ենք շատ զգուշորեն՝ ելնելով այդ գործընթացում ներգրավված բոլոր պետությունների շահերից, և միշտ փորձել ենք հասնել փոխընդունելի լուծումների»,- նշել է Պուտինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ