Անընդունելի ենք համարում ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը․ որպես սևծովյան երկիր՝ լրացուցիչ նախազգուշական միջոցառումներ կձեռնարկենք․ Էրդողան

Աննա Կոստանյան 22.02.2022 - 17:31
22.02.2022 - 17:31 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը։

«Ճգնաժամի ամենասկզբից մենք անկեղծորեն ձգտում էինք թուլացնել լարվածությունը։ Վերջին իրադարձությունների կապակցությամբ մեր երկրի ԱԳ նախարարի հայտարարությունում նշված է, որ այսպես կոչված՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին Ռուսաստանի որոշումը հակասում է մինսկյան համաձայնություններին, ընդգծված է նաև, որ այդ որոշումը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Ռուսաստանի այդ որոշումն անընդունելի ենք համարում։ Կրկին դիմում ենք կողմերին՝ կոչ անելով ողջամիտ լինել և հարգել միջազգային իրավունքը»,- ինչպես հայտնում է CNN Turk-ը, ասել է Թուրքիայի նախագահը՝ լրագրողների հետ զրույցում։

Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում Ռուսաստանի այս որոշումից հետո «լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել»։

«Մենք սևծովյան երկիր ենք, այդ կապակցությամբ անհրաժեշտ է բազմաթիվ նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Մենք արդեն ձեռնարկում ենք այդ միջոցառումները, բայց շարունակում ու շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մենք չենք կարող անտեսել սևծովյան երկրի մեր պարտավորությունները, այդ գիտակցությամբ ենք շարունակում առաջ շարժվել»,- ասել է էրդողանը՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ «նախազգուշական միջոցառումների» մասին է խոսքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ