Տեղեկություն կա զորամասն ինքնակամ թողած զինվորի մասին, սկսվել է քննություն. Արման Սարգսյան

Աննա Կոստանյան 3.02.2022 - 16:36
3.02.2022 - 16:36 դիտում

Հստակ տեղեկություն կա զորամասն ինքնակամ թողած զինվորի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու: Եթե պարզվի, որ տվյալ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, ապա դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում: Վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք տեսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, բազմակողմանի, օբեկտիվ ուսումնասիրության առարկա կդառնա նշված հանգամանքը»,- ասաց Սարգսյանը:

Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենց համար ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու հետ կապված հանգամանքները։

«Պաշտպանության նախարարից սկսած՝ ամբողջ գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը, և եթե իրական լինի զինվորի նկատմամբ նույնիսկ փոքր բռնության գործադրման փաստ, կտեսնեք դրա հետևանքները: Զինվորն արդեն ներկայացվել է քննության, ամեն ինչ կպարզվի»,- ասաց Սարգսյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե հանրապետության զորամասերից մեկում նորակոչիկը բռնության է ենթարկվել և դիմել փախուստի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ