Տարրական դասարանների բոլոր երեխաներին դասագրքերը կտրվեն անվճար. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

Աննա Կոստանյան 17.01.2022 - 17:35
17.01.2022 - 17:35 դիտում

Ազգային ժողովը քննարկում է ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծն ամբողջությամբ ընդունվելուց հետո տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից՝ սովորում են պետական թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար:

«Հիմա կա խտրական մոտեցում, որ եթե երեխան չի հաճախում պետական դպրոց, ապա դասագրքերը նրա համար վճարովի են: Դասագրքերը տրամադրվում են ոչ թե կազմակերպությանը կամ դպրոցին, այլ՝ աշակերտին: Որպես պետություն մեզ համար պետք է տարբերություն չլինի՝ աշակերտը հաճախում է պետակա՞ն, թե՞ ոչ պետական դպրոց»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին՝ ներկայացվելով խմբագրական առաջարկություն:

«Խոսքն ամենևին սոցիալական աջակցության ծրագրի մասին չէ: Տարրական դասարանների դասագրքերը մեր երկրի բոլոր երեխաներին, բացառությամբ ոչ պետական դպրոցներում սովորող երեխաների, տրվում են անվճար, պետական բյուջեի հաշվին: Ինչ վերաբերում է 5-12-րդ դասարանների դասագրքերին, ապա գործում է սոցիալական աջակցության ծրագիր: Յուրաքանչյուր դպրոց ունի հնարավորություն՝ աշակերտական համակազմի մինչև 10 տոկոսին դասագրքերը տրամադրել անվճար: Բացի դրանից՝ մենք ունենք սոցիալական աջակցության ծրագիր սահմանամերձ համայնքների համար, որտեղ 5-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար: Սրանով ես կարծում եմ, որ պետությունը սոցիալական աջակցության և սոցիալական ուղղվածության քաղաքականությունը բավարար չափով իրականացնում է:

Իսկ այստեղ խոսքը երեխայի իրավունքի մասին է: Երեխայի հանդեպ իրավունքը չպետք է կախված լինի նրանից, թե որ ուսումնական հաստատությունում է սովորում երեխան»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Ալեքսանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ