Վրաստանում չեն կարող օգտագործել պատժամիջոցների ենթարկված Ռուսաստանի բանկերի Visa և Mastercard քարտերը

7.03.2022 - 21:00 դիտում

Վրաստանում կասեցվել են պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի թողարկած VISA և Mastercard քարտերով գործառնությունները։ Այդ մասին հայտնում է Վրաստանի բանկերի ասոցիացիան՝ գրում է Новости-Грузия-ն։

«Պատժամիջոցներ են սահմանվել ռուսական բանկերի և բանկային քարտերի նկատմամբ։ Պատժամիջոցների ենթակա բանկերի քարտապանները չեն կարող քարտերով գործարքներ իրականացնել՝ լինի կանխիկացում թե վճարում։ Ըստ այդմ՝ այդ քարտերի սեփականատերերը չեն կարող օգտվել քարտային ծառայություններից Վրաստանի բանկային համակարգում»,- ասվում է հաղորդագրությունում։

Բացի դրանից՝ պատժամիջոցների ենթարկված բանկերի հաճախորդները չեն կարող SWIFT համակարգի միջոցով գումար ընդունել կամ փոխանցել Վրաստան։

Վրաստանի բանկերի ասոցիացիան տեղեկացնում է նաև, որ պատժամիջոցների ենթարկված ՎՏԲ-ի վրացական մասնաճյուղն այս պահին շարունակում է սպասարկել իրավաբանական անձանց։ ՎՏԲ Վրաստան բանկի հաճախորդներին այժմ սպասարկում է «Բազիսբանկը»:

Միջազգային վճարային VISA և Mastercard համակարգերն այսօր ծանուցել են պատժամիջոցների ենթարկված բանկերին՝ իրենց համակարգերում նրանց մասնակցությունը կասեցնելու մասին։ Որոշումը վերաբերում է նաև ВТБ, БМ-Банк, Саровбизнесбанк, Открытие, Совкомбанк, Новикомбанк, РГС Банк, Промсвязьбанк-ի քարտապաններին:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վճարային համակարգերում բանկերի մասնակցության կասեցումը նշանակում է, որ այս բանկերի և դրանց դուստր ձեռնարկությունների թողարկած Visa և Mastercard քարտերը կդադարեն գործել արտասահմանում և արտասահմանյան առցանց խանութներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ