Վերահաշվարկվել են 46 տեղամասերի տվյալներ. քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն եղել. ԿԸՀ

Աստղիկ Խաչատրյան 27.09.2022 - 21:39
27.09.2022 - 21:39 դիտում

2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 11.00-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից:

Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմում է ստացվել 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն քվեարկությունից հետո երկրորդ օրը (այսօր՝ սեպտեբերի 27-ին) ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են այն ընտրական տեղամասերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր վերահաշվարկի։

Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։

Ընդհանուր առմամբ այսօր վերահաշվարկվել են 46 տեղամասերի տվյալներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։

Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով վերահաշվարկի աշխատանքներն ավարտվում են քվեարկությունից հետո հինգերորդ օրը (սեպտեմբերի 29-ը)՝ մինչև ժամը 14։00-ն։

Վերահաշվարկի աշխատանքների ավարտից հետո ԿԸՀ-ն հանդես կգա վերահաշվարկի արդյունքների մասին ամբողջական հայտարարությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ