Վարչապետի հրամանագրով՝ Կառավարության կազմում կատարվել են ևս մի քանի փոփոխություններ

9.01.2023 - 22:42 դիտում
Վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրամանագրերով այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել կառավարության կազմում։ Հրամանագրերը հրապարակված են կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Վարչապետի հրամանագրով՝ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակել Կամո Ցուցուլյանին, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։ Իսկ նախկինում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանն էլ, Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ վարչապետի որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի, իսկ Արփինե Սարգսյանը` արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի այլ որոշումներով նրանք նշանակվել են նոր կազմավորված ներքին գործերի նախարարի տեղակալներ։
Հիշեցնենք` Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց 2022–ի դեկտեմբերի 16–ին։
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ