Վարչապետը ներկայացրել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները

Աննա Կոստանյան 18.05.2023 - 17:25
18.05.2023 - 17:25 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը ներկայացրել է Բրյուսելում մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հանդիպումն Ադրբեջանի ղեկավարի հետ: Ինչպես հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, նաև հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար:

Մայիսի 14-ին մենք, ըստ էության, կատարեցինք ևս մի քայլ, և ինչպես նշված է Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:
Պիտի արձանագրեմ, որ սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով նույնպես: Բայց, իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ և նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը:

Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպական խորհրդի նախագահի՝ մայիսի 14-ի եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև երկկխոսության կարևորությունը` միջազգային հանրության հետ համագործակցված: Սա մի գործընթաց է, որն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար: Հետևաբար՝ դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Արդբեջանի միջև:

Պիտի ընդգծեմ, որ Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնպահ կմնամ: Միայն կրկին ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և հունվարի 11-ի կրկին եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունից տեղեկացել եք, որ գերիների և այլ պահվող անձանց հետագա ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման վերաբերյալ նույնպես եղել է որոշակի ըմբռնում, բայց հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը, ասեմ միայն, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում:

Հիշեցնեմ, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 19-ին հանդիպում է սպասվում Մոսկվայում: Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնել է արդեն Մոսկվա: Ռուսական կողմից ստացել ենք արդեն առաջարկ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ բաձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսվում հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում: Նման հնգակողմ հանդիպում նախատեսված է նաև հոկտեմբերին՝ Գրանադայում: Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ի հեճուկս բանակցություններում որոշակի առաջընթացի, Ադրբերջանը շարունակում է էսկալացիոն քաղաքականություն վարել Հայաստանի հետ սահմանին: Նախորդ օրերին մեր սահմաններին հնչել են կրակոցներ և ունենք զոհեր: Գլուխ խոնարհելով մեր ընկած եղբայրների առաջ, կրկին ուզում եմ ընդգծել, որ առավել ևս մայիսի 14-ի պայմանավորվածությունների ֆոնին, ավելի հրատապ է դառնում սահմանային գծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի ապառազմականացումը: Եվ մենք այս օրակարգը շարունակելու ենք ընդգծել:

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն Ադրբեջանի էսկալացիոն քաղաքականության ևս մեկ դրսևորում է, որը ևս մեկ անգամ ակներև է դարձնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայության լեգիտիմ անհրաժեշտությունը: Մենք այս թեման քննարկում ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ