Վանաձորցին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ շենքի բակում սպանել է համաքաղաքացուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Աննա Կոստանյան 29.11.2023 - 13:59
29.11.2023 - 13:59 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ նոյեմբերի 28-ին Վանաձորում կատարված 39-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«2023 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն է զանգահարել 27-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ իրենց շենքի բակում ինքնաձիգից արձակած կրակահերթերով սպանել է 39-ամյա համաքաղաքացուն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում, բազմաթիվ գնդակային վնասվածքներով, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դին: Հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 20 պարկուճ, գնդակի 1 միջուկ, արնանման հետքեր։ Դեպքի վայրից շուրջ 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող АК տեսակի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգը՝ դատարկ պահունակով: Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Երիտասարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական, քննությամբ ստուգման ենթակա տվյալներով՝ 2023 թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում, 27-ամյա երիտասարդը, 39-ամյա համաքաղաքացու առաջարկությամբ, վերջինիս «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Լոռու մարզի Շահումյան գյուղի «Փուչիկներ» կոչվող տարածք, որտեղ 39-ամյա տղամարդը մահակով հարվածել է երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառաբանելով, որ վերջինս չի շփվում իր հետ:

Այնուհետև՝ 2023 թ․ նոյեմբերի 28-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, 27-ամյա երիտասարդը զանգահարել է 39-ամյա տղամարդուն, հրավիրել շենքի բակ, ավտոմեքենայով վերջինիս ժամանելուց հետո, իր հետ նախապես վերցրած ինքնաձիգով, 27-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել վերջինիս վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել նրան:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ