Ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ. վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 28.03.2021 - 22:43
28.03.2021 - 22:43 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում լինելու են հետևողական, և համոզմունք հայտնեց, որ դա նաև ժողովրդի պահանջն է։

«Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է»,- նշեց վարչապետը։

Նա խոստովանեց, որ այդ հարցերում կան որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից՝ հիշեցրեց, որ 2018 թվականին իշխանությունները խոստացել են, որ յուրաքանչյուրին տալու են հնարավորություն, յուրաքանչյուրին տալու են շանս: Ըստ Փաշինյանի՝ այդ շանսը շատերը չարաշահել են. «Ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը»:

Նրա խոսքով՝ ժողովուրդն իշխանություններին մեղադրում է, որ շանսը չարաշահողները պատժի հանգրվանին չեն հասցրել։ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենց կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել. «2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք»:

Անդրադառնալով դատարանի պրոբլեմին՝ նա շեշտեց, որ դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: «Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանզիմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում»,- հավելեց կառավարության ղեկավարը։

Նա նկատեց, որ ժողովուրդը շարունակաբար պահանջում է, որ Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: «Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են»,- նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով. «Օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս»:

ՀՀ վարչապետը պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման խնդիրը կարևորեց ժողովրդի պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենալու տեսանկյունից։

«Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ»,- ընդգծեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ