Սպիտակ տունը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

Աստղիկ Խաչատրյան 10.07.2023 - 19:58
10.07.2023 - 19:58 դիտում

ԱՄՆ-ն աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումներին, սակայն Վաշինգտոնի ուշադրությունը մնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վրա, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը։
Երկուշաբթի օրը Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։

«ԱՄՆ-ը միշտ աջակցել է ԵՄ-ին միանալու Թուրքիայի ձգտումներին և շարունակում է դա անել: Մեր ուշադրության կենտրոնում է մնում Շվեդիան, որը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին»,- Սպիտակ տան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Fox News-ը: Բացի այդ, ըստ Վաշինգտոնի, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը շարունակում է մնալ Անկարայի և Բրյուսելի քննարկումների առարկան։

Թուրքիան Եվրամիության թեկնածու է 1999 թվականից։ Խորվաթիան վերջին երկիրն էր, որը միացավ ԵՄ-ին 2013 թվականին, տասը տարի տևող գործընթաց: 2016 թվականից Թուրքիայի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները փաստացի դադարեցվել են։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի դիմումը դեռ չի ստացել հունգարական և թուրքական հավանությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ