Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Փաշինյան

4.06.2021 - 19:47 դիտում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մրգավետ համայնքում ներկայացրեց Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի SIPRI-ի տվյալները, համաձայն որոնց՝ 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում՝ 2011-2020 թթ. ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8,2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որի 2/3-րդը Բաքուն ստացել է ՀԱՊԿ անդամ Ռուսաստանից և Բելառուսից:

«2011-2020 թթ. Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը՝ 398 միլիոն դոլարի։ Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված են 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019-ին. միայն այդ տարի Երևանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ տասը տարվա ընթացքում ներկրվածի 62,3 տոկոսը: Ինչի՞ համար եմ սա մեջբերում և ի՞նչ հարցերի պատասխան է տալիս այդ զեկույցը: Առաջինը՝ այսօր մեզ ասում են՝ հեղափոխությունից հետո այս իշխանությունը եկել է և ՀԱՊԿ հավաքական անվտանգության կազմակերպության երկրների հետ իբր հարաբերությունները փչացրել է: Լավ, եթե ձեր ժամանակ էդքան լավ հարաբերություններ էին, ո՞նց է պատահել, ընդ որում, Ադրբեջանն իր ներկրումներն արել է հավասարաբար և գերակշիռ մասը հենց հեղափոխությունից առաջ է ներկրել: Ո՞նց է ստացվել, որ ձեր ժամանակ ՀԱՊԿ երկրների հետ ձեր հարաբերությունները փայլուն էին, այդ ժամանակ մեր թիվ մեկ հակառակորդը ձեր աչքի առաջ էդքան զենք էր ներկրում մեր դաշնակիցներից, դա ի՞նչ բացատրություն ունի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով՝ իրենց մեղադրում են, թե իրենք եկել են հողերը ծախելու համար, այնինչ 2011-2020 թթ. ՀՀ ձեռք բերած զենքի 63 տոկոսը ձեռք է բերվել 2018-2020 թթ.՝ հեղափոխությունից հետո:

«Բա զենքն ինչի՞ համար են ձեռք բերում: Զենքը ձեռք են բերում երկրի պաշտպանունակությունը մեծացնելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսօր ամեն ինչ անում են ժողովրդին հուսահատեցնելու համար:

«Այսօրը տասը տարի առաջվա ապագան է: Էն, ինչ մենք այսօր քաղում ենք, էն է, ինչ ցանվել է 10-15 տարի առաջ, որովհետև երբ մարդիկ ժամանակին Ղարաբաղը դուրս էին թողնում բանակցային գործընթացից, երբ մարդիկ ժամանակին Մեղրիի տարբերակ էին բերում, դնում սեղանին ԱԽ նիստին՝ քննարկելու ու դրանից մեկ ամիս հետո հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին գնդակահարում էին խորհրդարանի մեջ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ այդ մարդիկ այսօր եկել, Կառավարությանը ուզում են մեղադրել դավաճանության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ