Սուբվենցիոն ծրագրեր Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 4.11.2021 - 16:46
4.11.2021 - 16:46 դիտում

Կառավարության որոշմամբ 532,121.5 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, խոսքը 24 համայնքներից ստացված 27 ծրագրերի մասին է. ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 6 մլն դրամ, որից 532 մլն դրամը կհատկացվի պետբյուջեից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականցման կարևորությունն ու նշել. «2018 թվականին մենք քաղաքական որոշում կայացրեցինք, որ սուբվենցիոն ծրագրերը պետք է դառնան մեր տարածքային համաչափ զարգացման առանցքային գործիքը: Սուբվենցիոն ծրագրերի էությունը հետևյալն է, որ մենք համայնքներին առաջարկում ենք ներկայացնել ենթակառուցվածքների զարգացման և այլ ծրագրեր և կապիտալ ներդումներ: Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս այդ ծրագրերին և իրականացնում է համալիր ֆինանսավորում՝ ըստ բովանդակության: Տարբեր տոկոսներով է իրականացնում համաֆինանսավորումը: Եվ այսօր մենք հերթական չափաքանակն ենք հատկացնում 9 մարզի՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու և վճարելու համար: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում Սյունիքի մարզին առանձին վճարումներ իրականացրել ենք. բացի սուբվենցիոն ծրագրերից, նաև նախորդ շրջանում 1 մլրդ դրամ ենք հատկացրել՝ մարզի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով: Նաև վերջերս ևս 500 մլն դրամի հատկացում արեցինք, որը նույնպես պետք է հաշվի առնել այս ընդհանուր ծրագրերի իրականացման պրոցեսում»:

Վարչապետն անդրադարձել է 2018-2020 թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերին և ընդգծել, որ թվերը բավականին խոսուն են: «Եվ այսպես՝ 2018-2020 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բոլոր մարզերում իրականացվել է 1193 ծրագիր: Ներդրման ընդհանուր գումարն ավելի քան 47 մլրդ դրամ է: Այդ ծրագրերի բովանդակությունը նույնպես կարևոր է: Ուրմեն՝ բնակավայրերի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, իրականացվել է 368 ծրագիր: Խմելու, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, հիմնանորոգում՝ 135 ծրագիր, ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում՝ 78 ծրագիր, փողոցային լուսավորության կառուցում կամ նորոգում՝ 161 ծրագիր, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ 30 ծրագիր, բնակարանների գազիֆիկացում՝ 50 ծրագիր, մանկապարտեզների կառուցում կամ նորոգում՝ 93 ծրագիր, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, սրա մեջ նկատի է առնվում նաև տանիքների նորոգումը՝ 131 ծրագիր, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում՝ էներգախնայողության միջոցառումների կիրառում՝ 37 ծրագիր, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում՝ 50 ծրագիր, մեքենասարքավորումների տեխնիկայի և գույքի ձեռք բերում՝ 58 ծրագիր, աղբավայրի փակում՝ 1 ծրագիր:

Շատ կարևոր է նաև բացահայտել վիճակագրությունը՝ ըստ մարզերի: Եվ այսպես մարզային վիճակագրությունը հետևյալն է. Արարատի մարզում իրականացվել է 138 ծրագիր՝ 3 848 000 000 դրամի, Արմավիրի մարզում իրականացվել է 102 ծրագիր՝ 2 883 550 000 դրամի, Արագածոտնի մարզում՝ 162 ծրագիր՝ 4 519 000 000 դրամի, Գեղարքունիքի մարզում՝ 246 ծրագիր՝ 10 298 000 000 դրամի, Կոտայքի մարզում՝ 130 ծրագիր՝ 4 691 000 000 դրամի, Լոռու մարզում՝ 166 ծրագիր՝ 5 228 000 000 դրամի, Շիրակի մարզում՝ 108 ծրագիր՝ 5 000 000 000 դրամի, Վայոց ձորում՝ 53 ծրագիր՝ 1 954 000 000 դրամի, Սյունիքի մարզում՝ 51 ծրագիր՝ 6 739 000 000 դրամի, Տավուշի մարզում՝ 36 ծրագիր՝ 2 486 000 000 դրամի: Ըստ էության, երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018-2020 թվականներին գործնականում մենք պիտի չունենանք գեթ մի բնակավայր, որտեղ շատ կոնկրետ շոշափելի սուբվենցիոն ծրագիր չի իրականացվել»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սուբվենցիոն ծրագրերով առաջատար են այն մարզերը, որտեղ խոշորացումն արդեն տեղի է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: «Եթե մենք 2018-2020 թվականներին իրականացրել ենք ավելի քան 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, այսինքն՝ 2.5 տարվա ընթացքում, միայն 2021 թվականին, այս պահին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 400 000 000 դրամ արժեքով: Դարձյալ կարևոր է վիճակագրությունն ըստ մարզերի: Արագածոտնի մարզում իրականացվում է 82 ծրագիր՝ 3 միլիարդ 193 միլիոն դրամի, Արմավիրի մարզում 60 ծրագիր՝ 2 միլիարդ 861 միլիոն դրամի, Արարատի մարզում 78 ծրագիր՝ 4 միլիարդ 577 միլիարդ դրամի, Գեղարքունիքի մարզում 115 ծրագիր՝ 7 միլիարդ 306 միլիոն դրամի, Կոտայքի մարզում 95 ծրագիր՝ 7 միլիարդ 523 միլիոն դրամի, Լոռվա մարզում 111 ծրագիր՝ 5 միլիարդ 182 միլիոն դրամի, Շիրակի մարզում 62 ծրագիր՝ 5 միլիարդ 247 միլիոն դրամի, Վայոց ձորի մարզում 38 ծրագիր՝ 2 միլիարդ 126 միլիոն դրամի, Սյունիքի մարզում 21 ծրագիր՝ 7 միլիարդ 288 միլիոն դրամի, Տավուշի մարզում 16 ծրագիր՝ 3 միլիարդ 111 միլիոն դրամի: Ընդհանուր առմամբ 48 միլիարդ 419 դրամի:

2021 թվականի ծրագրերն ըստ ոլորտների՝ բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում՝ 162 ծրագիր՝ 18 միլիարդ դրամ, բնակավայրի, փողոցների կառուցում, նորոգում՝ սալարկմամբ, 51 ծրագիր՝ 3 միլիարդ 186 միլիոն դրամ: Մենք գործարկեցինք ծրագիր, որ բնակավայրերի փողոցները ոչ թե ասֆալտապատումով է վերականգվում, այլ սալարկվում է, որը կարծում եմ և կոլորիտային և գեղագիտական իմաստով ավելի հաճելի է: Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում, նորոգում, 70 ծրագիր՝ 4 միլիարդ 950 միլիոն դրամի, ոռոգման համակարգի կառուցում, 57 ծրագիր՝ 3 միլիարդ 309 միլիոն դրամի, փողոցային լուսավորության կառուցում, նորոգում, 2 միլիարդ 906 միլիոն դրամի, վերականգնվող էներգետիկ, այդ թվում արևային, ֆոտովոլտային կայանների տեղադրում, 19 ծրագիր՝ 1 միլիարդ 102 միլիոն դրամի, բնակավայրերի գազիֆիկացում, 34 ծրագիր՝ 1 միլիարդ 470 միլիոն դրամի, մանկապարտեզների կառուցում, վերակառուցում կամ նորոգում, 32 ծրագիր՝ 2 միլիարդ 801 միլիոն դրամի, հասարակական շենքերի կառուցում, նորոգում, 72 ծրագիր՝ 3 միլիարդ 28 միլիոն դրամի, բազմաբնակարան շենքերի նորոգում, այդ թվում էներգախնայողության միջոցառումների կիրառում, 27 ծրագիր՝ 3 միլիարդ 438 միլիոն դրամի, այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում, 27 ծրագիր՝ 1 միլիարդ 208 միլիոն դրամի, մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում, 38 ծրագիր՝ 2 միլիարդ 365 միլիոն դրամի, երկու ծրագիր ունենք գլխավոր հատակագծերի ձևավորման, ստեղծման, 2 ծրագիր՝ 20 միլիոն դրամի և աղբավայրի փակում, 1 ծրագիր՝ 32 միլիոն դրամի: Այս տարի փողոցների ասֆալտապատում, միայն սուբվենցիոն ծրագրերով նախատեսված է 199 կիլոմետր, փողոցների սալարկում 40 կիլոմետր»,-ասել է վարչապետը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ առավել ևս 2021 թվականի արդյունքներով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել գեթ մի բնակավայր, համայնք որտեղ շատ շոշափելի, տեսանելի, էական կապիտալ ներդրում չի կատարվել: «Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել՝ այսօր կառուցվում, վերակառուցվում են ճանապարհներ, փողոցներ, որոնք 30-40 տարի ընդհանրապես չեն նորոգվել, վերակառուցվում, նորոգվում են մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք տասնամյակներով չեն նորոգվել, փողոցներ են լուսավորվում, որոնք 30-40 տարի լույս ընդհանրապես չեն ունեցել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է նաև, որ կառավարությունը բովանդակություն ունեցող սուբվենցիոն ծրագրերն ընդհանրապես չպետք է մերժի. «Եվ մենք այս ճանապարհով շարունակելու ենք գնալ առաջ, որպեսզի տարածքային համաչափ զարգացումն իրականություն դառնա: Գործնականում մենք կարող ենք ասել, որ 2018-2021 թվականների ընթացքում համայնքներում ավելի քան 200 միլիոն դոլարի ներդրում ենք ապահովել, իհարկե, համայքների հետ համատեղ: Բայց նաև համայնքներում այս գործիքներով խթանել ենք հարկային կարգապահության մեծացումը, համայնքների բյուջեների կատարման կարգապահությունն ենք ապահովել: Սա կարծում եմ այն շոշափելի և կարևոր արդյունքներից է, որ մենք կարող ենք արձանագրել»:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով որոշմանը, ընդգծել է սուբվենցիոն ծրագրերի իրականացման կարևորությունը: «Սուբվենցիոն ծրագրերն, ըստ էության, կապիտալ ծրագրեր են: Դրանք բյուջեում չեն արտացոլվում իբրև կապիտալ ծախսեր, բայց տնտեսության մեջ մտնում են որպես իրական կապիտալ ծախսեր՝ իրենց բոլոր դրական հետևանքներով: Փոխվել է համայնքի բնակչության համայնքում ապրելու, ստեղծագործելու և արարելու մոտիվացիան, որովհետև տարիներ շարունակ համայնքում տեղաշարժ չտեսնելով՝ որոշակի հիասթափություն է եղել»,-ասել է փոխվարչապետը՝ հավելելով, որ ամեն ինչ արվել է նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակն էականորեն բարձրացնելու ուղղությամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ անդրադարձել է համայնքներում աշխատողների պակասի խնդրին. «Մեր շինարարները բավական մեծ քանակով մրցույթներ են շահել, բայց աշխատողների խնդիր ունեն, որ ավելի արագ տեմպերով աշխատանքներն իրականացնեն»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ բիզնեսից ամենահաճախ ստացվող ահազանգն աշխատուժի խնդիրն է. «Հայաստանում արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր կան: Շինարարության ոլորտում նույնպես այդ խնդիրն ունենք։ Ամենահաճախ ահազանգը բիզնես ոլորտից ստացվող աշխատուժի խնդիրն է։ Սկսած շինարարության ոլորտից և ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով՝ ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք։ Այս հարցը պետք է ունենանք մեր աչքի առաջ և զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ