Սոնա Ղազարյանի առցանց ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

Աննա Կոստանյան 31.01.2022 - 17:56
31.01.2022 - 17:56 դիտում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հունվարի 24-28-ն առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին և ելույթ է ունեցել: Պատգամավորը մասնավորապես նշել է.

«Դուստրս ծնվել է անցյալ տարի՝ համաշխարհային համաճարակի և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ: Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի հավատա, որ այս իրավիճակում կարող էի հայտնվել: Աղջիկս արդեն մեկ տարեկան է: Արդեն մեկ տարի է, ինչ ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունը, բայց մեր հայ եղբայրները որպես ռազմագերիներ անօրինական ձևով դեռևս պահվում են Ադրբեջանում:

Մեկ տարի է, բայց իրավիճակը հեռու է նորմալ լինելուց: Եվս մեկ անգամ պետք է մեջբերեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձևը: Հարգելի՛ գործընկերներ, մեր ընդունած բանաձևի անվանումն է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքները», որում զեկուցողը հստակ նշում է գերության մեջ գտնվող 31 անձանց գործերի մասին:

Զեկուցողին ցուցադրվել են տեսանյութեր, լուսանկարներ և տեղեկություններ նրանց ձերբակալման վայրի և հանգամանքների ու նրանց ինքնության վերաբերյալ: Բռնի անհետացման 31 դեպք: Եղբայրներիս ապօրինի պահելու 31 դեպք: Այս տեղեկությունը հասանելի է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Ես իսկապես հավատում եմ, որ Եվրոպայի խորհուրդը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, անում է հնարավորը մարդու իրավունքների համար և շարունակաբար կաշխատի իմ եղբայրներին Հայաստան վերադարձնելու համար:

Ռազմագերիներն առևտրի առարկա չեն, ինչպես ոմանք խորհուրդ կտան պարոն Ալիևին: Եղբայրներս մարդիկ են, որոնց իրավունքները տևական ժամանակ է՝ ոտնահարվում են»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ