ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

Աննա Կոստանյան 31.01.2022 - 17:42
31.01.2022 - 17:42 դիտում

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր:

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական ​​և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։

Դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու երկկողմ կապերի զարգացմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ