Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ամբողջական որոշումը։
ՍԴ-ն արձանագրել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը իր տարածքում, այդ թվում՝ սահմանների, մաքսային և սահմանային վերահսկողության նկատմամբ։
Համաձայնագրով նախատեսվում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության՝ ԹԶԸ-ի ստեղծում, որտեղ ամերիկյան կողմը կունենա 74%, իսկ Հայաստանը՝ 26% մասնակցություն։ Նախատեսվում է նաև ԹԶԸ-ին մինչև 49 տարի ժամկետով հողօգտագործման և կառուցապատման իրավունքների տրամադրում։
ՍԴ-ն եզրակացրել է, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխանության և արտաքին քաղաքականության սկզբունքներին։
Մանրամասները՝ այստեղ:
Ավելի վաղ ՍԴ-ից տեղեկացրել էին, որ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին: Սահմանադրական դատարանում գործի դատաքննությունն իրականացվել է գրավոր ընթացակարգով. զեկուցող դատավորը եղել է Էդգար Շաթիրյանը:
Կառավարությունը համաձայնագրի սահմանադրականությունը որոշելու նպատակով Սահմանադրական դատարան էր դիմել հուլիսին: ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
