2018 թվականից շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ և երբեք ու ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել: Ընդհանրապես Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ ոչ մի անգամ այդպիսի հարց չի բարձրացրել:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի հարցին՝ կապված ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից դուրս հանելու քննարկումներին:
«Երբ Բիշքեկից վերադառնում եմ Երևան, տեսնում եմ՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը ուզում է ռազմական բազան դուրս բերենք, մենք դուրս կբերենք:
Դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն ինձ այդ մասին հարցնում են, ես էլ ասում եմ հետևյալը, որ Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում չունի կենսական նշանակություն ՀՀ-ի համար: Իսկ եթե ՌԴ-ն ուզում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել:
Սա է եղել ամբողջ պատմությունը»,- ասաց նա:
