Սա սկզբունքի հարց էր. Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատարանը բավարարել է

Հրաչ Սահակյան 11.12.2020 - 00:29
11.12.2020 - 00:29 դիտում

armtimes.com  Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է՝ ամբողջովին բեկանելով 2019 թվականի սեպտեմբերի 24-ի Առաջին ատյանի դատարանի վճիռը: Այդ վճռով Առաջին ատյանը մերժել էր Հասմիկ Պետրոսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետարանի, որով Պետրոսյանը պահանջել էր Շիրակի մարզպետի՝ իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումն անվավեր ճանաչել եւ վերականգնել նախկին պաշտոնում: Նաև հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պարտավորեցման պահանջ էր ներկայացրել: Վերաքննիչ վարչական դատարանը վճիռը կայացրել է երեկ:

Հիշեցնենք, որ Պետրոսյանն աշխատանքից ազատվել էր 2019 թվականի մարտի 29-ին: Որոշումը կայացրել էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ առաջնորդվելով Քաղծառայության գրասենյակից ստացված գրությամբ, համաձայն որի, Հասմիկ Պետրոսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու համար չի ունեցել աշխատանքային բավարար ստաժ: Մարզպետի որոշումն, ըստ Հասմիկ Պետրոսյանի, իր համար եղել էր անակնկալ, քանի որ շուրջ 5 ամիս աշխատելուց հետո էր Քաղծառայության գրասենյակը գտել, որ ինքը չի համապատասխանում պաշտոնին (Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքի էր անցել 2018 թվականի նոյեմբերի 8-ին)։

ՀԺ-ի հետ զրույցում նա նշեց, որ և մասնագիտական կարողություններն ու ստաժը, և կառավարման փորձառությունը եղել են բավարար: Մասնագիտությամբ բժիշկ-վերականգնողաբան է և տևական ժամանակ հանդիսացել է «Սամարիթեր» հիվանդանոցի Վերականգնողական բաժանմունքի վարիչը:

Խնդիրը 1 տարի առաջ ծագել էր զուտ տեխնիկական բացթողումից, այն էլ ոչ թե իր, այլ՝  «Սամարիթեր» հիվանդանոցի  համապատասխան աշխատակցի կողմից: «Հարկային մարմին ներկայացվող հայտադիմումի մեջ կան առանձին «մասնագիտություն» և առանձին «պաշտոն» տողերը: «Պաշտոնի» դիմաց համապատասխան նշագծումը չէր արվել: Բայց դա ոչ թե իմ մեղքն էր, այլ  «Սամարիթեր» հիվանդանոցի համապատասխան աշխատակցի, որը զբաղվում է այդ աշխատանքով: Այդ պարագայում ոտնահարել իմ իրավունքը, ինձ ազատել աշխատանքից ուրիշի պատճառով, աբսուրդ էր: Դրան էլ գումարած, Քաղծառայողի գրասենյակը հարցում չէր արել նախկին աշխատավայրիս, չնայած որ ներկայացված փաթեթում ունեի բոլոր փաստաթղթերը: Հարցումն ուղարկել էին միայն հարկային մարմին: Չնայած ես որևէ թերացում չունեի այս հարցում, բայց ազատման որոշում կայացվեց: Վարչական մարմիններ էի դիմել՝ մարզպետարան, քաղծառայության գրասենյակ, որպեսզի իրենք իրենց կայացրած որոշումները վարչական վարույթներով շտկեին, չարեցին, ու մտանք դատարան: Արդեն 1 տարի 7 ամիս եղավ գործի քննությունը: Շատ իրավաբաններ նույնիսկ զարմանում են, որ մենք դատարանում ենք հայտնվել»,- ասաց Պետրոսյանը:

Կվերադառնա՞ արդյոք նախկին աշխատավայր, երբ արդեն ձեռքին ունի նույն պաշտոնում վերականգնվելու դատարանի վճիռը: Պետրոսյանն ասաց՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ այս վճռի հետ կապված դատական ատյանում դեռ իրավական կարգավորումներ կան անելու:

«Պետք է սպասենք մնացած որոշումներին: Կարող է մարզպետարանը դիմի վճռաբեկ դատարան, ես չգիտեմ: Ինձ համար ամենակարևորն այս որոշումն ունենալն ու արդարությունը վերականգնելն էր, էլ մնացած ածանցյալներն արդեն՝ պաշտոնի վերականգնում, հարկադիր պարապուրդի գումարի գանձում և այլն, առաջնային չեն: Կարևորը որոշումն իմ օգտին եղավ: Սա սկզբունքի հարց էր, որովհետև խնդիրը, որի համար ինձ ազատել էին աշխատանքից իրականում չկար, և կարող էինք չհասնել դատարան»,- ասաց նա։

Հասմիկ Պետրոսյանն այս պահին աշխատում է Ավստրիական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում, որտեղից մեկ տարի առաջ գնացել էր Շիրակի մարզպետարան:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ