ՌԴ-ն խորհրդակցություններ է անցկացնում ՀՀ-ի հետ՝ կապված երկկողմ բարեկամության և փոխօգնության պայմանագրի ակտիվացման կոչի հետ. Զախարովա

Աստղիկ Խաչատրյան 17.11.2021 - 18:54
17.11.2021 - 18:54 դիտում

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերջին դեպքին:

«Բաքվի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը տրամագծորեն հակառակ են գնահատում իրավիճակն ու կատարվածի համար մեղադրում են միմյանց։ Ռուսաստանը կապի մեջ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ՝ իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու համար։ Երեկ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Այս միջնորդական ջանքերի արդյունքում կռիվներն ու բախումները երեկ երեկոյան դադարել են։ Համագործակցությունը շարունակվում է։ Լարվածությունը թուլացնելու համար երկու կողմերին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական ու դիվանագիտական ​​միջոցներով։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը կողմերին՝ հիմք ընդունելով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման շահերը։

Վերջին իրադարձությունները հաստատում են սահմանագծման գործընթացի՝ հնարավորին չափ շուտ մեկնարկի և ադրբեջանա-հայկական սահմանների հետագա սահմանազատման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան համատեղ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ապա մենք բոլորս արդեն տեսել ենք նոյեմբերի 15-ին արված նրանց համատեղ հայտարարությունը, որում նրանք խոր մտահոգություն են հայտնում սահմանային վերջին միջադեպերի կապակցությամբ։ Համանախագահները շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը։ Նոյեմբերի 10-ից Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի ունեցան ինչպես համատեղ, այնպես էլ առանձին հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Եռյակն այժմ Վիեննայում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Մենք վերահաստատում ենք համանախագահների այցը տարածաշրջան հնարավորինս շուտ կազմակերպելու կարևորությունը։

Հարցեր հնչեցին նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին» պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության վերաբերյալ։ Այս առումով ուզում եմ ասել, որ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտականություններին։ Երկկողմ անցկացվում են համապատասխան խորհրդակցություններ, ինչի մասին արդեն նշեցի։ Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրին, ապա, մեր տեղեկություններով, կառույցը (ՀԱՊԿ-ն – խմբ.) ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ