ՌԴ ԱԳՆ-ն բոլոր արտասահմանյան դիվանագետներին հրավիրել է պատվաստվելու «Սպուտնիկ V»-ով. ԱՄՆ դեսպանը մերժել է

Աննա Կոստանյան 19.02.2021 - 14:22
19.02.2021 - 14:22 դիտում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել օտարերկրյա բոլոր դեսպանատներին՝ առաջարկելով իրենց աշխատակիցներին անվճար պատվաստել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Meduza-ն, նշելով՝ ընդհանուրն առմամբ խոսքը 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների մասին է:

«Շատ երկրներում տարածված է դիվանագիտական կորպուսին պատվաստել կորոնավիրուսային վարակի դեմ», – բացատրել է ԱԳՆ-ն ու հավելել, որ այդ առաջարկությամբ Ռուսաստանը կատարում է միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Նշվում է՝ ՌԴ ԱԳՆ այս առաջարկին արտաքին դիվանագիտական ներկայացուցչությունների արձագանքը շատը տարբեր է եղել: Մասնավորապես, ԱՊՀ երկրների, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի դիվանագետները համաձայնել են պատվաստվել, քանի որ իրենց երկրներում «Սպուտնիկ V»-ը գրանցվել է որպես պատվաստանյութ:

Այնուամենայնիվ, Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալլիվանը հայտնել է, որ չի պատրաստվում պատվաստվել, քանի որ «չի ցանկանում ընդունել այն դեղաչափը, որը նախատեսված է ՌԴ քաղաքացու համար»: Չնայած դեսպանի հայտարարությանը՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մի շարք աշխատակիցներ խնդրել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով, քանի որ կասկածներ ունեն՝ մոտ ապագայում իրենք չեն կարողանա ստանալ ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունների կողմից ստեղծված դեղամիջոցը:

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրների մի քանի դեսպանատների աշխատակիցների պատվաստմանը, ապա այս դեպքում ԵՄ-ից հայտնել են, որ խորհուրդ չի տրվում օգտագործել «Սպուտնիկ V»-ը, քանի դեռ չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից:

Հիշեցնենք՝ Ռուսաստանում արդեն պատվաստվել են Մոնղոլիայի, Իսպանիայի, Բելառուսի դեսպանությունների աշխատակիցները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ