ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։
Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ են եկել փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է՝ իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։ Հետազոտությունների ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել աշխատակիցներին կատարված վճարումները։ Մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ պաշտոնապես ստացված աշխատավարձերից բացի, պարբերաբար ստացել են նաև կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատակիցներին վճարվել են ավելի քան 950 միլիոն դրամի չափով կանխիկ աշխատավարձ, բոնուս և պարգևավճար, որոնք հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվել:
Ըստ նախնական տվյալների՝ հնարավոր պակաս հաշվարկված եկամտային հարկի ծավալը գերազանցում է 193 միլիոն դրամը։ Միաժամանակ իրականացված վերլուծությունները հիմք են տվել ենթադրելու, որ փաստացի ծավալները կարող են էականորեն ավելի մեծ լինել։ Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ խաղացողների կողմից կատարվող ֆինանսական փոխանցումները կազմակերպվել են տարբեր եղանակներով: Հաճախորդների կողմից փոխանցված գումարները միջնորդավորված կարգով օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և խաղադրույքների իրականացման գործընթացում։ Առանձին դեպքերում հայտնաբերվել են կրիպտոարժույթներով իրականացվող փոխանցումների, դեպոզիտների և շահումների փոխանցման վերաբերյալ տվյալներ։ Ստեղծվել են խաղային հարթակներին մասնակցելու հնարավորություններ, կազմակերպվել է նոր օգտատերերի ներգրավում, իրականացվել են միջնորդավորված վճարային գործառույթներ: Նման գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների։ Նախնական գնահատմամբ՝ առանց համապատասխան լիցենզիաների հնարավոր իրականացված գործունեության մասով պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ 400 միլիոն դրամը։ Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրականացվում է նախաքննություն։
Հարկ է նշել, որ ստվերում աշխատելը կարող է ժամանակավորապես շահավետ թվալ, սակայն դրա իրավական և ֆինանսական հետևանքները կարող են բազմապատիկ անգամ գերազանցել ակնկալվող օգուտը։ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսվարողներին գործել օրենքի շրջանակներում, իսկ քաղաքացիներին՝ չներգրավվել ապօրինի ֆինանսական և խաղային սխեմաներում։
Կոմիտեն, համագործակցելով իրավապահ և անվտանգության մարմինների հետ, շարունակելու է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու, ապօրինի ֆինանսական հոսքերի և առանց լիցենզիայի իրականացվող գործունեության բոլոր դրսևորումների դեմ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
