Պարտավոր ենք ներկայացնել Երկրորդ աշխարհամարտի իրական պատկերը. ԵԱՀԿ-ում ՀՀ և մի քանի երկրի հայտարարությունը

5.05.2022 - 20:39 դիտում

Երկրորդ աշխարհամարտը 20-րդ դարում մարդկությանը բաժին ընկած ծանրագույն փորձություն էր: Այդ մասին նշված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչների հայտարարության մեջ:

«Մեր ընդհանուր պատմության այս էջը հաղթանակով թերթեցինք ժողովուրդների անմնացորդ սխրանքի, թշնամանքի, ստրկամտության և մարդատյացության գաղափարախոսության դեմ անձնվիրաբար մարտնչելու շնորհիվ»,- նշված է փաստաթղթում:

Դիվանագետներն ընդգծել են, որ որպես այդ հաղթանակը կերտածների ժառանգներ՝ իրենց երկրները պարտավոր են ներկայացնել պատմական այդ իրադարձությունների իրական պատկերը և պահպանել պատմական ճշմարտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Անթույլատրելի են համարվել պատմությունը կեղծելու և պատերազմի արդյունքները վերանայելու փորձերը, դատապարտվել է պատերազմի մասնակից զինվորների հուշարձանների ոչնչացումն ու պղծումը, ինչպես նաև նացիզմի հերոսացումը:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում խնամքով վերաբերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ պայքարողների հիշատակին։ Համոզված ենք, որ պարտված նացիզմը երբեք չպետք է գլուխ բարձրացնի ո՛չ Եվրասիական մայրցամաքում, ոչ էլ աշխարհում»,- նշված է ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչների հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ