Պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Աննա Կոստանյան 2.10.2025 - 16:13
2.10.2025 - 16:13 դիտում

Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը ստորագրել են Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում։

«Այս իրադարձությունը կարևոր հանգրվան է ռուս-իրանական միջպետական հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի: Փաստաթուղթը սահմանում է երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր գերակա ուղղությունների առանցքային ուղենիշները»,- նշված է այդ կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարությունից նշել են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը ենթադրում է, որ Մոսկվան ու Թեհրանը կամրապնդեն փոխգործակցությունը և համակարգումը միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը:

Համաձայնագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ հօգուտ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա համակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների շահերին՝ նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ