Պայմանագրային զինծառայողների համար կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի հավելավճար. Սուրեն Պապիկյան

Աննա Կոստանյան 3.11.2022 - 18:29
3.11.2022 - 18:29 դիտում

Պայմանագրային զինծառայողների համար գործող ատեստավորման կարգի փոխարեն կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ նրանք կստանան հավելավճար. նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 3-ի նիստում ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը:

Նշվել է նաև, որ սոցիալական մոտիվացիան պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման և գրավչության բարձրացումն է, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայության գործընթացում ներգրավելու շրջանակներում:

Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ ատեստավորման կամավորությունը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ տվյալ զինծառայողն անձամբ պետք է շահագրգռված լինի հավելավճարի տեսքով դրամական ապահովության բարձրացման հարցում և դիմի ատեստավորում անցնելու:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով ատեստավորման կարգը կսահմանի Կառավարությունը, իսկ զինվորական պաշտոնների անվանացանկը կսահմանվի Պաշտպանության նախարարի հրամանով:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ պայմանագրային զինծառայողները կատեստավորվեն երեք տարին մեկ անգամ: Զինծառայողներն ատեստավորմանը մասնակցելու են կամավոր: Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելուց ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:

Կամավոր ատեստավորման համակարգի հավելյալ աշխատավարձային ֆոնդը կկազմի 66 միլիարդ դրամ:

«Ամբողջ բարեփոխման համար սահմանել ենք 3 տարի ժամկետ, որը Կառավարության համար կարժենա 66 միլիարդ դրամ հավելյալ աշխատավարձային ֆոնդ: Բնականաբար, Կառավարությունից ակնկալելու ենք միջինը տարեկան 20 միլիարդ դրամ, բայց եթե մեր զինծառայողներն ավելի վաղ կարողանան ատեստավորվել, մենք գործընթացը կավարտենք ավելի շուտ: Մենք կգտնենք այդ միջոցները, եթե կան այնպիսի մարդիկ, որոնք հանձնել են ատեստավորման համար պահանջվող քննությունները: Գործընթացը բավականին ճկուն է լինելու»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Հանձնաժողովականները կարևորել են նախագծերի փաթեթի ընդունումը՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծման անհրաժեշտությունը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի նախագծերի փաթեթը ծառայի նախատեսված նպատակին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Կառավարությունը դասեր քաղելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ