Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռ ծայրահեղ ծանր վիճակում են, 7-ը մահացել են հիվանդանոցում. ԼՂ ԱՆ

Աննա Կոստանյան 26.09.2023 - 10:10
26.09.2023 - 10:10 դիտում

Սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԼՂ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։ Այս մասին հայտնում են ԼՂ առողջապահության նախարարությունից` նշելով, որ հիվանդների հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

«Ցավոք սրտի, 7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն այս ծանր և սուղ պայմաններում կատարում են ամենա հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար: Զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք»,- հայտնում են նախարարությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ