Չորս hայ դահուկորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Աննա Կոստանյան 19.01.2022 - 14:24
19.01.2022 - 14:24 դիտում

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի:

Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել նաև Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը:

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն էլ օլիմպիական խաղերին մասնակցելու համար առաջին պահեստայիններից է. եթե որևէ մեկն ինչ-ինչ պատճառներով՝ վիզայի հետ կապված խնդիրներ, վնասվածք, հիվանդություն, չկարողանա մասնակցել խաղերին, ապա այդ իրավունքը կարող է տրվել հենց հայ գեղասահորդին:

Նշենք՝ օլիմպիական խաղերի ավանը բացվելու է հունվարի 27-ին:

Հենց այդ օրվանից էլ Պեկինը պատրաստ կլինի ընդունելու մարզիկներին:

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկը տրվելու է փետրվարի 2-ին: Այն Աթենքից Պեկին է հասել հոկտեմբերի 20-ին:

Ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 4-20-ը, իսկ պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ